Հայցային վաղեմություն

ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

 

 

Ի՞նչ է հայցային վաղեմությունը:

Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

 

 

Որքա՞ն է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը:

Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 (երեք) տարի է:

 

 

Որքա՞ն են հայցային վաղեմության հատուկ ժամկետները:

Խախտված իրավունքի հիմքով պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

 

 

Հայցային վաղեմության ժամկետները կարող են արդյո՞ք փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

Ոչ, հայցային վաղեմության ժամկետները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով և չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

 

 

Ու՞մ կողմից է կիրառվում հայցային վաղեմությունը:

Դատարանը անկախ հայցային վաղեմության ժամկետը լրանալուց քննության է ընդունում իրավունքի պաշտպանության մասին պահանջը և հայցային վաղեմություն է կիրառում միայն վիճող կողմի դիմումով:

 

 

Ի՞նչ է տեղի ունենում դատարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելու դեպքում:

Հայցային վաղեմություն կիրառելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին:

 

 

Արդյո՞ք հիմնական պահանջով հայցային վաղեմության ժամկետի ավարտմամբ լրանում է նաև լրացուցիչ պահանջներով հայցային վաղեմության ժամկետները:

Այո, հիմնական պահանջով հայցային վաղեմության ժամկետի ավարտմամբ լրանում է նաև լրացուցիչ պահանջներով (գրավ, տուժանք, պահում, երաշխավորություն, նախավճար) հայցային վաղեմության ժամկետը:

 

 

Օրենքով նախատեսված դեպքերում հայցային վաղեմության ժամկետները կարող են կասեցվել, ընդհատվել և վերականգնվել:

 

 

Ե՞րբ է ընդհատվում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը:

Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

 

 

Ո՞ր պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում:

Հայցային վաղեմություն չի տարածվում.

  • Անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի

 

  • Ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա

 

  • Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար

 

  • Սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ

 

  • Սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա

 

  • Օրենքով սահմանված այլ պահանջների վրա

 

 

 

Օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը:

 

Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

 

Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:

 

 

Подпишитесь и получайте наши новости по электронной почте

info@ohanyangroup.com
+374 81 28, +374 (55) 911 118
г. Ереван, ул. Исраеляна 39
Все права защищены