Իրավական աուդիտ
Յուրաքանչյուր բիզնես ունի մի շարք ռիսկեր, որոնցից մեկն իրավական ռիսկն է: Ուստի նաև իրավական ռիսկից է կախված, թե որքան հաջողակ կարող է լինել Ձեր բիզնեսը։ Բայց նման ռիսկերից զերծ մնալու համար նախ և առաջ պետք է բացահայտել դրանք։
Իրավական աուդիտն ուղղված է հենց այդպիսի ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը՝ ընդհուպ մինչև դրանց վերացմանը։
Իրավական ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է ինչպես իրավաբաններ ունեցող, այնպես էլ չունեցող բիզնես վարող սուբյեկտներին, քանի որ այդպիսով ընկերությունն ունենում է կողմնակի կարծիք իր բիզնեսի իրավական ռիսկերի վերաբերյալ։
Իրավական աուդիտն անհրաժեշտ է նաև բիզնես գնելու կամ վաճառելու ժամանակ, քանի որ առաջին դեպքում գնորդը կարող է ամբողջական տեղեկություն ստանալ վաճառվող բիզնեսի վերաբերյալ, ուստի որոշել՝ գնել այն, թե ոչ կամ նվազեցնել վաճառքի գինը, իսկ երկրորդ դեպքում սեփականատերը, տեղեկություն ստանալով վաճառքում գտնվող իր բիզնեսի վերաբերյալ, հնարավորություն է ստանում շտկել դրանք կամ բացակայության դեպքում օգտագործել այն որպես վաճառքի գնի բարձրացման հիմք։
Իրավական աուդիտ իրականացնելիս մասնագետները վերլուծում են՝
- Ընկերության կորպորատիվ կառավարման ռիսկերը,
- Ակտիվների նվազման ռիսկերը,
- Պայմանագրային (գործարքային) ռիսկերը, մասնավորապես՝ պայմանագրերով նախատեսված դրույթների խախտումները (կետանց), սպառողների օրենսդրությամբ սահմանվող իրավունքների խախտումները, հակամենաշնորհային քաղաքականություն վարելու մասին պայմանագրի խախտումները և այլն,
- Պարտապանի սնանկության ռիսկը,
- Աշխատանքային իրավահարաբերություններից ծագող ռիսկերը,
- Ռիսկեր կապված հաշվապահական հաշվառման քաղաքականության հետ,
- Հաշվապահական հաշվառման քաղաքականության համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին և գործարար շրջանառության սովորույթներին,
- Հետազոտվում են նաև ընկերության կրեդիտորական և դեբիտորական պարտավորությունները, հայցային վաղեմության ժամկետները և այլն։
Իրավական աուդիտ իրականացնելու արդյունքում հաճախորդը ստանում է՝
- տեղեկություն ընկերության ռիսկայնության աստիճանի վերաբերյալ,
- ընկերության ռիսկերի նկարագրությունը /ներառյալ սեփականատերերի, ղեկավարների և աշխատակիցների անձնական պատասխանատվությունը/,
- հնարավոր ֆինանսական վնասների հաշվարկը և դրանք նվազեցնելու վերաբերյալ առաջարկությունները,
- լրացուցիչ տնտեսական շահերի ձեռքբերման հնարավորությունների վերաբերյալ առաջարկություններ:
Ընկերության կադրային և/կամ վարչական փաստաթղթերի իրավական աուդիտի շրջանակներում մշակվում են ընկերության ներքին կադրային և/կամ վարչական փաստաթղթերը՝ ընկերության պահանջներին համապատասխան: Արդյունքում բարձրանում է վարչական որոշումների արդյունավետությունը, նվազում հիմնադիրների հետ կոնֆլիկտների առաջացման ռիսկերը և ընկերության հետ աշխատակիցների աշխատանքային վեճերը:
Այսպիսով՝ իրավական աուդիտը վեր է հանում ընկերության գործունեության արդյունքում առաջացած ռիսկերը, այդ թվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս բացահայտել պայմանագրեր կնքելիս թույլ տրված սխալները, ուղղել դրանք և կանխատեսել բոլոր հնարավոր իրավական պաշտպանության միջոցները։