Ժառանգություն

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ



Ժառանգությունն ընդունելու քա՞նի եղանակ է առկա և ինչպե՞ս է այն իրականացվում:

Օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։

Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման:

 

 

Ժառանգության քանի՞ հիմք է առկա:

Ժառանգությունը կատարվում է երկու հիմքով՝ ըստ կտակի և ըստ օրենքի:

 

 

Ո՞րն է ժառանգության զանգվածը:

Ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

 

 

Ե՞րբ է ժառանգությունը համարվում բացված:

Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է:

 

 

Որտե՞ղ է համարվում ժառանգության բացման վայրը:

Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:

 

 

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՏԱԿԻ

 

 

Ի՞նչ է կտակը:

Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:

 

 

Արդյո՞ք կտակ անող քաղաքացին (կտակարարը) իրավունք ունի իր ցանկացած գույքը կտակել ցանկացած անձի:

Այո, կտակ անող քաղաքացին (կտակարարը) իրավունք ունի իր ցանկացած գույքը կտակել ցանկացած անձի:

 

 

Արդյո՞ք կտակ անող քաղաքացին (կտակարարը) իրավունք ունի որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին և վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:

Այո, կտակ անող քաղաքացին (կտակարարը) իրավունք ունի ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին և վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:

 

 

Արդյո՞ք կտակի դեպքում ըստ օրենքի ժառանգները բոլոր դեպքերում զրկվում են ժառանգությունից:

Ոչ, ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

 

 

Ի՞նչ է պարտադիր բաժինը:

Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:

 

 

Արդյո՞ք կտակարարը կարող է կազմված կտակը վերացնել, փոփոխել կամ լրացնել:

Այո, ցանկացած ժամանակ:

 

 

Արդյո՞ք կտակը ենթակա է նոտարական վավերացման:

Այո, Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից:

 

 

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

 

 

Ի՞նչ է ըստ օրենքի ժառանգությունը?

Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգները ժառանգման են հրավիրվում սահմանված հերթականությամբ:

 

 

Որո՞նք են ժառանգման հրավիրելու հերթականությունները:

Ժառանգությունն ըստ օրենքի ժառանգելու համար ժառանգներն առանձնացվում են իրար հաջորդող 4 հերթի և ժառանգման են հրավիրվում սահմանված հերթականությամբ մեկից չորս սկզբունքով, այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:

 

 

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել ժառանգությունն ընդունելու համար:

Ժառանգությունը ընդունելու համար անհրաժեշտ է դիմել ժառանգության բացման օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում:

 

 

Ինչպե՞ս իմանալ ժառանգներից ով որ հերթին է պատկանում:

 

  1. Առաջին հերթի ժառանգներն են.
  • Ժառանգատուի երեխաները
  • Ժառանգատուի ամուսինը
  • Ժառանգատուի ծնողները

  

  1. Երկրորդ հերթի ժառանգներն են.
  • Ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը
  • Ժառանգատուի համահայր եղբայրները և քույրերը
  • Ժառանգատու համամայր եղբայրները և քույրերը

 

  1. Երրորդ հերթի ժառանգներն են.
  • ժառանգատուի հայրական կողմի պապը և տատը
  • ժառանգատուի մայրական կողմի պապը և տատը

 

  1. Չորրորդ հերթի ժառանգներն են.
  • ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները)

 

 

Ի՞նչ բաժիններով է ժառանգական գույքը բաժանվում ժառանգների միջև:

Ժառանգների միչև ժառանգական գույքը բաժանվում է հավասար բաժիններով:

 

 

Ի՞նչ է նշանակում ներկայացման իրավունքով ժառանգությունը:

Ներկայացման իրավունքով ժառանգության դեպքում ժառանգը, ով ժառանգատուի մահից հետո չհասցնելով ընդունել վերջինիս ժառանգությունը մահանում է, ապա նրա փոխարեն ժառանգելու իրավունք են ձեռք բերում նրա երեխաները՝ հավասար բաժիններով:

 

 

 

ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ և ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հատկանշականն այն է, որ եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը:

 

 

Այսպիսով փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար անհրաժեշտ է պարզել.

  • ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքի կազմը (ժառանգական զանգվածը)
  • ժառանգի կողմից ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը (դրա կազմի մեջ մտնող գույքերից որևէ մեկը)
  • փաստացի տիրապետելուն և կառավարելուն ուղղված տարաբնույթ ակտիվ գործողություններ ձեռնարկած լինելը
  • նշված գործողությունները ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում ձեռնարկած լինելը:

Ընդ որում, նշված հանգամանքներն ապացուցելու պարտականությունը կրում է այդ փաստերը վկայակոչած կողմը, ուստի վերջինս էլ պետք է կրի նշված փաստերն ապացուցված չլինելու բացասական հետևանքները:

 

Բաժանորդագրվեք և ստացեք մեր նորությունները էլեկտրոնային նամակների միջոցով

info@ohanyangroup.am
+374 81 28, +374 (55) 911 118
ք. Երևան, Իսրայելյան 39
Բոլոր իրավունքները պաշտպանված են