Ընտանեկան

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Ի՞նչպես է իրականացվում ամուսնության գրանցումը:

Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:

 

 

Ո՞ր դեպքերում է արգելվում ամուսնություն կնքել:

  • Արգելվում է ամուսնություն կնքել այն անձանց միջև, որոնցից մեկը գտնվում է գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
  • մերձավոր ազգականների միջև.
  • որդեգրողների և որդեգրվածների միջև.
  • այն անձանց միջև, որոնցից մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

 

 

Ի՞նչպես է իրականացվում ամուսնալուծության գրանցումը ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում:

Ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ ամուսնալուծվող անձանց պարտադիր ներկայությամբ:

 

 

Ի՞նչպես է իրականացվում ամուսնալուծության գրանցումը ամուսինների փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում:

Ամուսնալուծության փոխադարձ համաձայնության բացակայության պարագայում ամուսնալուծությունը իրականացվում է դատական կարգով:

 

 

Ո՞ր դեպքերում կարող է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինը գրանցել ամուսնալուծությունը առանց ամուսինների փոխադարձ համաձայնության և դատարանի կողմից կայացված վճռի առկայության:

Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը.

  • դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
  • դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
  • դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

 

 

 

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

 

Ի՞նչ է ամուսնական պայմանագիրը:

Ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:

 

 

Արդյո՞ք ամուսնական պայմանագիրը պետք է կնքվի ամուսնության գրանցման ժամանակ:

Ոչ, ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսնության գրանցմանը նախորդող, այնպես էլ հաջորդող ողջ ժամանակահատվածում, սակայն ամուսնության գրանցմանը նախորդող ժամանակահատվածում կնքված ամուսնական պայմանագիրը ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից։

 

 

Արդյո՞ք ամուսնական պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Այո, ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:

 

 

 

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

 

Ո՞վ կարող է ճանաչվել ծնված երեխայի հայր:

Եթե այլ բան չի ապացուցվել ծնված երեխայի հայր է ճանաչվում անձը.

  • Ով ամուսնության մեջ է գտնվում երեխայի մոր հետ
  • Ով ամուսնալուծվել է երեխայի մորից, սակայն ամուսնալուծման պահից չի լրացել երեք հարյուր օր
  • Ում հետ երեխայի մոր գրանցված ամուսնությունն անվավեր է ճանաչվել, սակայն անվավեր ճանաչելու պահից չի լրացել երեք հարյուր օր
  • Ով հանդիսանալով երեխայի մոր ամուսինը մահացել է, սակայն մահվան պահից չի լրացել երեք հարյուր օր:

 

 

Ի՞նչպես է որոշվում ծնված երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը:

Ծնված երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա:

 

 

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, երբ բացակայում է հայրությունը ճանաչելու համար ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ի՞նչպես է որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում:

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, երբ բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։

 

 

 

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԸՆՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԲԱԺԱՆՈՒՄԸ

 

 

Ո՞ր դեպքում է գույքը հանդիսանում ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:

Այն գույքը, որը ամուսնության ընթացքում ամուսինները ձեռք են բերել հանդիսանում է նրանց ընդհանուր համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված ամուսնական պայմանագրով: Իսկ այն գույքը, որը ձեռք է բերվել մինչև ամուսնության գրանցումը հանդիասնում է միայն ձեռք բերողի սեփականությունը:

 

 

Կա՞րող են լինել դեպքեր, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքերը չեն համարվում ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:

Այո, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը բացառապես նրա սեփականությունն է:

 

 

Արդյո՞ք հնարավոր է, որ գույքը ի սկզբանե չհանդիսանալով ընհանուր համատեղ սեփականություն, հետագայում ճանաչվի որպես ընդհանուր համատեղ սեփականություն:

Այո, ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց ընդհանուր համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

 

 

 

ԱԼԻՄԵՆՏ

 

 

 

Ի՞նչ է ալիմենտը:

Ալիմենտը, դա անձի (անչափահաս երեխա, անաշխատունակ չափահաս երեխա, անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնող և այլն) ապրուստի միջոցների բավարարման մեկ այլ անձի պարտականությունն է:

 

 

Ե՞րբ կարող է ալիմենտ պահանջվել:

Ալիմենտ պահանջելու դեպքերը տարբեր են: Օրինակ ծնողներն ինքնակամ կերպով ապրուստի միջոցներ չեն տրամադրում իրենց անչափահաս երեխաներին և չափահաս, սակայն անաշխատունակ երեխաներին: Երբ աշխատունակ չափահաս երեխաներն ինքնակամ կերպով ապրուստի միջոցներ չեն տրամադրում իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և այլն:

 

 

Ի՞նչպես է կատարվում ալիմենտ պահանջելը:

Ինքնակամ ալիմենտ վճարելու համաձայնության բացակայության դեպքում այն վճարելու պահանջ կարող է ներկայացվել դատական կարգով:

 

 

Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Իսկ անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։

 

Վերոգրյալից բխում է, որ ալիմենտը, որպես կանոն, բռնագանձվում է դատարան դիմելու պահից, իսկ եթե ալիմենտ հայցողն ապացուցում է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով, ապա միայն այդ պարագայում կարող է դատարանն ալիմենտը բռնագանձել նաև դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար:

 

Բաժանորդագրվեք և ստացեք մեր նորությունները էլեկտրոնային նամակների միջոցով

info@ohanyangroup.am
+374 81 28, +374 (55) 911 118
ք. Երևան, Իսրայելյան 39
Բոլոր իրավունքները պաշտպանված են