Երաշխավորություն, երաշխիք և գրավ

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Ի՞նչ է երաշխավորությունը:

Երաշխավորությունը, դա՝ պարտավորության կատարման ապահովման միջոց, լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է, այսինքն՝ առանց հիմնական պարտավորության՝ այն գոյություն ունենալ չի կարող:

Այլ կերպ ասած` երաշխավորությունը միշտ լրացուցիչ պարտավորություն է, ինչը նշանակում է, որ hիմնական պարտապանի կողմից պարտավորությունը խախտելուց հետո միայն պարտատերը կարող է պահանջ ներկայացնել երաշխավորի դեմ, ընդ որում՝ պահանջ ներկայացնելն ունի առանձնահատկություն՝ կապված նրանից, թե երաշխավորի պատասխանատվությունը համապարտ է, թե սուբսիդիար:

 

 

Ո՞վ է երաշխավորը:

Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

 

 

Ինչպիսի՞ն է երաշխավորության պայմանագրի ձևը:

Երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է երաշխավորության պայմանագրի անվավերությանը:

 

 

Երաշխավորության քա՞նի տեսակ է առկա:

Առկա է երաշխավորության երկու տեսակ.

  • Համապարտ պատասխանատվությամբ
  • Սուբսիդիար պատասխանատվությամբ

 

Անդրադառնալով երաշխավորի համապարտ և սուբսիդիար պատասխանատվությանը հայտնում ենք, որ օրենսդիրն ամրագրել է երաշխավորի համապարտ պատասխանատվության կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի կատարման պահանջ ներկայացնելու ինչպես պարտապանին և երաշխավորին միասին, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

 

Իսկ երաշխավորի սուբսիդիար պատասխանատվությունը կարող է նախատեսվել միայն օրենքով կամ պայմանագրով: Պայմանագրով երաշխավորի պատասխանատվությունը կրում է սուբսիդիար բնույթ, եթե այդ մասին ուղղակիորեն սահմանված է պայմանագրում կամ երաշխավորին պահանջի ներկայացման ընթացակարգի վերաբերյալ պայմանագրային դրույթների կարգավորումից հետևում է, որ այն այդպիսին է:

 

Եթե համապարտ պատասխանատվության դեպքում պարտատերն իր հայեցողությամբ կարող է պահանջ ներկայացնել ինչպես հիմնական պարտապանին, այնպես էլ` երաշխավորին, ապա սուբսիդիար պատասխանատվության դեպքում, մինչև երաշխավորի դեմ պահանջ ներկայացնելը պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին, և միայն այն դեպքում, եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել երաշխավորին:

 

 

Ի՞նչ է տեղի ունենում երաշխավորի կողմից պարտատիրոջ պահանջները կատարելու պարագայում:

  • Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը:
  • Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ երաշխավորը պարտավոր է մինչև պարտատիրոջ պահանջը բավարարելը, այդ մասին նախազգուշացնել պարտապանին, իսկ եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել, պարտապանին մասնակից դարձնել գործին: Հակառակ պարագայում պարտապանն իրավունք ունի երաշխավորի հետադարձ պահանջի դեմ ներկայացնել այնպիսի առարկություններ, որոնք նա ուներ պարտատիրոջ դեմ:

 

 

Ո՞ր դեպքերում է դադարում երաշխավորության պայմանագիրը:

Երաշխավորությունը դադարում է.

  • Դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների.
  • Երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար.
  • եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը.
  • երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:

 

 

Ո՞վ է պարտապանը:

Պարտապանն այն անձն է, ով ստանձնել է պարտավորություն պարտատիրոջ հանդեպ:

 

 

Ո՞վ է պարտատերը:

Պարտատերն այն անձն է, ում հանդեպ ստանձնել է պարտավորությունը պարտապանը:

 

 

 

ԵՐԱՇԽԻՔ

 

 

Երաշխիք տված անձը այլ անձի խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում վերջինիս պարտատիրոջ հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, պարտատիրոջը վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

 

 

Ո՞վ կարող է երաշխիք տալ:

Երաշխիք կարող է տալ բանկը, վարկային կազմակերպությունը և ապահովագրական ընկերությունը:

 

 

Կարո՞ղ է արդյոք երաշխիք տված անձը հետ կանչել այն:

Ոչ, երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:

 

 

Ե՞րբ է երաշխիքն ուժի մեջ մտնում:

Երաշխիքն ուժի մեջ է մտնում այն տալու օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:

 

 

Կարո՞ղ է արդյոք երաշխիք տված անձը երաշխիքի հիմքով պարտատիրոջը վճարված գումարները հետադարձ կարգով պահանջել պարտապանից:

Երաշխիք տված անձի` երաշխիքով պարտատիրոջը վճարված գումարները հետադարձ կարգով պարտապանից պահանջելու իրավունքը սահմանվում է երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ:

 

 

Ե՞րբ է դադարում տրված երաշխիքը:

Երաշխիքը դադարում է.

  • Պարտատիրոջը այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը
  • երաշխիքով որոշված ժամկետի ավարտով
  • Պարտատիրոջ կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքը երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով
  • Պարտատիրոջ կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով:

 

 

 

ԳՐԱՎ

 

 

Ի՞նչ է գրավը:

Գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

 

 

Գրավի քա՞նի տեսակ է առկա:

Առկա է գրավի 7 (յոթ) տեսակ

  • գրավականը
  • գրավատուն հանձնված գույքի գրավը
  • իրավունքների գրավը
  • դրամական միջոցների գրավը
  • կոշտ գրավը
  • շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավը
  • հիփոթեքը:

 

 

Ո՞վ կարող է հանդիսանալ գրավատու:

Գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը: Գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:

 

 

Ո՞վ կարող է հանդիսանալ գրավառու:

Գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:

 

 

Ի՞նչը կարող է հանդիսանալ գրավի առարկա:

Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:

 

 

Ի՞նչ չափով է գրավն ապահովում պահանջը:

Գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով:

 

 

Արդյո՞ք գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Այո, գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, բացի այդ ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը` պետական գրանցման:

 

 

Ե՞րբ է ծագում գրավի իրավունքը:

Գրավի իրավունքը ծագում է պայմանագրի կնքման, իսկ պետական գրանցման ենթակա գրավի իրավունքների դեպքում՝ պետական գրանցման պահից: Եթե գրավի առարկան, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկան նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչև պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից:

 

 

Ի՞նչ է հաջորդող գրավը:

Հաջորդող գրավը, դա արդեն իսկ գրավ դրված գույքի կրկին անգամ գրավադրումն է:

 

 

Ե՞րբ է դադարում գրավը:

Գրավը դադարում է գրավով ապահովված պարտավորությունը դադարելով և օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

Բաժանորդագրվեք և ստացեք մեր նորությունները էլեկտրոնային նամակների միջոցով

info@ohanyangroup.am
+374 81 28, +374 (55) 911 118
ք. Երևան, Իսրայելյան 39
Բոլոր իրավունքները պաշտպանված են