Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելը

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ

 

 

Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է անգործունակ ճանաչվել:

Քաղաքացին կարող է անգործունակ ճանաչվել հոգեկան այն խանգարման առկայության դեպքում, որը հիմք է իր գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ դրանք ղեկավարելու համար:

 

 

Ինչպե՞ս է քաղաքացին ճանաչվում անգործունակ:

Քաղաքացին անգործունակ է ճանաչվում դատարանի կայացրած վճռի հիման վրա:

 

 

Ի՞նչ է տեղի ունենում քաղաքացուն անգործունակ ճանաչելու դեպքում:

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու դեպքում նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:

 

 

Այլ ո՞ր դեպքերում կարող է խնամակալություն սահմանվել:

Խնամակալություն կարող է սահմանվել նաև տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ:

 

 

Արդյո՞ք անգործունակ ճանաչված քաղաքացին իրավունք ունի գործարքներ կնքել:

Ոչ, անգործունակ ճանաչված քաղաքացին գործարքներ կնքելու իրավունք չունի:

 

 

Ո՞վ կարող է անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ կնքել:

Անգործունակ ճանաչված անձի անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼԸ

 

 

Ո՞ր դեպքում քաղաքացու գործունակությունը կարող է սահմանափակվել:

Քաղաքացու գործունակությունը կարող է սահմանափակվել ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման և մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու դեպքում:

 

 

Ի՞նչ է տեղի ունենում քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում:

Քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:

 

 

Այլ ո՞ր դեպքերում կարող է հոգաբարձություն սահմանվել:

Հոգաբարձությունը կարող է սահմանվել նաև տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների նկատմամբ:

 

 

Արդյո՞ք գործունակությունը սահմանափակվելու դեպքում քաղաքացին իրավունք ունի գործարքներ կնքել:

Քաղաքացուն գործունակությունը սահմանափակվելու դեպքում նա իրավունք ունի ինքնուրույն կնքել միայն մանր կենցաղային գործարքներ, իսկ այլ գործարքներ, ինչպես նաև ստանալ աշխատավարձ, կենսաթոշակ և այլ եկամուտներ ու տնօրինել դրանք միայն հոգաբարձուի համաձայնությամբ:

 

 

Ո՞ւմ կողմից է նշանակվում խնամակալը և հոգաբարձուն:

Խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

 

 

Ո՞ր մարմինն է հսկողություն իրականացնում խնամակալների ու հոգաբարձուների գործունեության նկատմամբ:

Խնամակալների ու հոգաբարձուների գործունեության նկատմամբ հսկողություն է իրականացնում խնամարկյալների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

 

 

Ի՞նչպես է իրականացվում խնամարկյալի գույքի տնօրինումը:

Խնամարկյալ քաղաքացու եկամուտները` ներառյալ խնամարկյալին իր գույքի կառավարումից հասանելիք եկամուտները, բացառությամբ այն եկամուտների, որոնք խնամարկյալը կարող է տնօրինել ինքնուրույն, խնամակալը կամ հոգաբարձուն ծախսում են միայն ի շահ խնամարկյալի` խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվությամբ:

Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվության` խնամակալը կամ հոգաբարձուն խնամարկյալի եկամուտների հաշվին իրավունք ունի անհրաժեշտ ծախսեր կատարել խնամարկյալի ապրուստի համար:

Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության` խնամակալն իրավունք չունի կնքել, իսկ հոգաբարձուն` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, բաժանել նրա գույքը կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաև խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարք:

 

 

 

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԸ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը հարկ ենք համարում անդրադառնալ և քննարկման առարկա դարձնել անգործունակ ճանաչված քաղաքացու և գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, կնքած գործարքի անվավերության հիմքերին և դրանց առանձնահատկություններին:

Մասնավորապես, օրենսդիրը նախատեսում է հոգեկան խանգարման հետևանքով արդեն իսկ անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքի առոչինչ լինելը, իսկ գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, կնքած գործարքի անվավերությունը:

Ընդ որում, գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, կնքած գործարքը օրենսդիրը դասել է վիճահարույց գործարքների շարքին:

Այսինքն` վերոնշյալ կարգավորումները տարբերվում են ոչ միայն գործարք կնքելու պահին անձանց կարգավիճակով, այլ նաև կնքված գործարքի իրավական հետևանքներով, այն է` օրենքի ուժով առոչինչ համարվելու (անկախ դատարանի կողմից նման ճանաչումից) կամ վիճահարույց լինելու (դատարանի կողմից այդպիսին ճանաչվելու ուժով) հանգամանքով:

 

Բաժանորդագրվեք և ստացեք մեր նորությունները էլեկտրոնային նամակների միջոցով

info@ohanyangroup.am
+374 81 28, +374 (55) 911 118
ք. Երևան, Իսրայելյան 39
Բոլոր իրավունքները պաշտպանված են